Գերմանիայից ժամանած քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները ցույց են անցկացրել Բոննի Համաշխարհային կոնֆերանսների կենտրոնում՝ ընդդեմ Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի անցկացման (COP29) և պահանջել են ազատ արձակել Բաքվում պահվող հայ բանտարկյալներին, հայտնել է ակտիվիստ Ջոնաթան Սպանգենբերգը։
Նա ՄԱԿ-ի որոշումն անվանել է ողբերգական՝ համաժողով անցկացնել մի երկրում, որի իշխանությունները ոտնահարում են մարդու իրավունքները, իրականացնում են ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականություն հայերի նկատմամբ, հայ ռազմագերիներին և Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներին բանտում են պահում և Արցախում ոչնչացնում են պատմական հուշարձանները։
Սպանգենբերգը հայտարարել է, որ մինչև հունիսի 13-ը Բոննում կանցկացվեն կլիմայի համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչի կապակցությամբ Գերմանիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը համապատասխան նամակ է հղել Բունդեսթագի բոլոր անդամներին։
Նա կոչ է արել իրավապաշտպաններին, կլիմայի ակտիվիստներին և քաղաքական գործիչներին միանալ բողոքի ակցիաներին և ընդգծել, որ խնդիրը պետք է վերաբերի ոչ միայն հայերին, այլև ցանկացած մարդու, ով պաշտպանում է մարդու իրավունքները և շրջակա միջավայրը։
Հաջորդ ակցիան Բոննում տեղի կունենա հունիսի 7-ին՝ Համաշխարհային կոնֆերանսների կենտրոնում, ասել է Սպանգենբերգը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների աճից բնապահպանների դժգոհության մասին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։