Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 9-րդ խմբագրությունը, հայտնել է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։
«Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասել է Բադալյանը։
Մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքվի հետ բանակցություններում «մթնոլորտի էական փոփոխություն» կա, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել են վերջնագծին և մնում է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մայիսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամի միջև մայիսի 10-11-ն Ալմաթիում կայացած բանակցությունների ավարտի մասին։ Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։