Հայաստանի և Ռուսաստանի միջև շփումներն Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների մակարդակով նվազել են, TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխաարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել, և հայկական կողմը «հետաքրքրություն չի ցուցաբերել» Մոսկվայի առաջարկին՝ կնքել արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների հերթական պլանը։ Այս փաստը Գալուզինը կապել է Հայաստանի վրա արտաքին ազդեցության հետ։
«Մենք մեղավոր չենք, որ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Ռազմատեխնիկական համագործակցությունը նույնպես թուլացել է։ Դա պայմանավորված է Հայաստանի վրա արևմտյան ճնշումներով»,- ասել է նա։
Ըստ ռուս պաշտոնյայի՝ երկրների միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում, արդյունքները հատկապես նկատելի են առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Նշենք, որ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները մարտի 5-ին հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Ըստ MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման՝ ՀՀ-ում հարցվածների 58%-ից ավելին կարծում էր, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին։
Մարտի 2-ին Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել սեփական գործնական քայլերում: