Մոսկվան հաստատում է Երևանի և Բաքվի հաշտեցմանն աջակցելու իր պատրաստակամությունը և դրական է գնահատում մայիսի 10-ին և 11-ին Ղազախստանում տեղի ունեցած երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ, ասել է Միխայիլ Գալուզինը։
«Դա կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել»,- ասել է նա։
Գալուզինը հիշեցրել է, որ Մոսկվան արդեն երկու անգամ ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, և կշարունակի նպաստել այդ գործընթացին։
«Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար»,- ասել է դիվանագետը։
Ղազախստանն ապրիլի 29-ին հրաժարվել էր միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը։
Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին՝ Բարեկամության տանը։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Մայիսի 11-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր Ալմաթիում մայիսի 10-11-ը կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների մասին։ Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից հավելել էին, որ շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։