Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոր համար կառուցվող 230 հազար դոլար արժողությամբ առանձնատան գործը, հայտնել է «Ժողովուրդը»:
Կառուցվող տան մասին մայիսի 16-ին հայտնել էր «Հետք» լրատվականը և նշել, որ նախարարի պնդմամբ՝ տունը կառուցվում է ՌԴ-ում աշխատող իր եղբայրների միջոցներով։
Ըստ թերթի տեղեկությունների՝ առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունն ստուգում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները:
Հիշեցնենք, որ ըստ հրապարակման՝ նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել էր նախագծման, ապա շինարարության թույլտվություն։ Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ, իսկ հողամասի վրա կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը՝ 527 քմ, որի արժեքն առանց ներքին հարդարման 237 հազար դոլար է։