Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ից պահանջում է չեղարկել COP29-ը` ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը, տեղեկանում ենք ինստիտուտի հայտարարությունից։
Ինստիտուտը դեմ է Ադրբեջանին հյուրընկալող երկիր համարելու որոշմանը՝ հաշվի առնելով հայատյաց գաղափարախոսությունը, Արցախում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը։ Ինստիտուտը մատնանշել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ու հայատյաց քաղաքականության, Ադրբեջանում կոռուպցիայի բարձր ցուցանիշի ու մարդու իրավունքների լայնամասշտաբ ոտնահարումների մասին։
«Ադրբեջանին COP29-ը հյուրընկալելու պատիվը շնորհելով՝ ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպան քաղաքականությանը և բռնապետությանը, ինչը ձեռնտու չէ ո՛չ կլիմային, ո՛չ էլ համայն մարդկությանը։ ՄԱԿ-ն այսպիսով լեգիտիմացնում է ցեղասպանությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ին հիշեցրել է 2015-2023 թվականներին Արցախի, Հայաստանի տարածքների վրա հարձակվելու ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի իրականացրած վայրագությունների ու հանցագործությունների մասին, որոնց համար այդ երկիրը որևէ պատասխանատվության չի ենթարկվել։
«ՄԱԿ ը պետք է գլուխը դուրս հանի ավազից և դադարեցնի նման ձևով հովանավորել Ադրբեջանի ցեղասպան պետությանը»,- հավելել են հայտարարության մեջ։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 -ը համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների աճից բնապահպանների դժգոհության մասին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։