Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մեծ մասը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած մոդելի հետ, ըստ որի՝ «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել՝ ապահովելով թափանցիկություն», գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պատգամավորները կարծում են, որ եկեղեցու հարկային բեռը շատ ավելին պետք է լինի։
«ՔՊ-ում տեսակետ է հնչել, որ եկեղեցուն պետք է շահութահարկով հարկել այնպիսի ծեսերի անցկացումից, ինչպիսիք են մկրտությունը, պսակադրությունը, ինչպես նաև հարկեր սահմանել ծիսական պարագաների ներկրման և իրացման նկատմամբ»,- ասված է հրապարակման մեջ:
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն եկեղեցու գույքը հարկելու մասին օրինագիծը մտադիր է ներկայացնել Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանում:
Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ կառավարությունը 2018-ին եկեղեցուն առաջարկել է ներդնել հարկային համակարգ և հավաքագրված ամբողջ գումարը վերադարձնել եկեղեցուն։ Նա նշել էր, որ կառավարությունն առաջարկել էր եկամտահարկից ստացված գումարներն ըստ անհրաժեշտության ուղղել պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, վերականգնմանը և այլ աշխատանքների, ինչը եկեղեցին մերժել է։ ՔՊ-ում մայիսի 31-ին հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցու գույքի հարկման նախագծի նախապատրաստման մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ժամանակն է քննարկել, թե «եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորություններ ինչու չեն կիրառվում»։