Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել իր ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկների մասին խոսակցությունը ներկայացրել է որպես բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար ստանալու մասին խոսակցություն, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և տեսանյութ է հրապարակել Հ1-ի ներողությամբ։
«Առաջին ալիք»-ը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն»,- նշել է պատգամավորը։
Լրատվականի հաղորդավարն այսօր՝ հունիսի 6-ին, ներողություն է խնդրել հեռուստադիտողից և պարզաբանել, որ զրույցում ասվել է մեկ բան, իսկ իրենք դա վերագրել են այլ բանի։
«Տղամարդկանցից մեկն ասում է, որ երեկ 2200 դրամ է տվել, կոշիկ գնել, որ կյանքում 40 հազար դրամից էժան կոշիկ չի հագել։ Ռեպորտաժում ասվում է, որ իրեն տվել են 2200 դրամ, որ կյանքում 40 հազարից պակասի համար գնացած չկա։ Ներողություն ենք խնդրում մեր թույլ տված սխալի համար»,- նշել է հաղորդավարը։