ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի իր որևէ հարևան երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունիսի 6-ին արված հայտարարությանն այն մասին, որ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար կլինի։
«ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- պատասխանել է ԱԳՆ-ն:
Ըստ հայտարարության՝ նման խոսույթը «տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը»:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նշել է, որ կողմերի բոլոր մտահոգությունները «փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրման համար բավականաչափ հասունացած է, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,- հավելել է ԱԳՆ-ն:
Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։