«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նոր կետ է բացել Տավուշի մարզի Կողբ համայնքում, տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Ըստ գրառման՝ նորաբաց կենտրոն արդեն այցելում է 23 բնակավայրի 1228 դեռահաս։Կենտրոնին են կցված Օձունի, Շնողի և Ալավերդու տուփերը: Հունիսի 22-ին տեղի կունենա Թումո Կողբի առաջին մեծ միջոցառումը։
Ընդհանուր առմամբ՝ «Թումո»-ն Հայաստանի ողջ տարածքում նախատեսում է ստեղծել 16 նմանատիպ կենտրոն:
2022 թվականի հունիսին «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն Armenia Today-ին պատմել էր առաջիկա տարիներին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի մասին և հայտարարել «Թումո տուփ» կենտրոնների ցանցն ընդլայնելու ծրագրի մասին։ Միևնույն ժամանակ՝ «Թումո» կենտրոններ էին բացվել Արցախի Ասկերան և Մարտունի քաղաքներում, իսկ 2022 թվականի դեկտեմբերին կենտրոնը հայտարարել էր Գերմանիայում՝ Մանհայմում, երկրորդ մասնաշենքի բացման մասին։
Կենտրոնի մասնաճյուղերը գործում են նաև Գյումրիում, Մոսկվայում, Փարիզում, Բեյրութում, Բեռլինում, Տիրանայում և Կիևում։ 2023 թվականի դեկտեմբերին «Թումո»-ն հայտարարել էր իր նախաձեռնության ընդլայնման մասին՝ ստեղծելու մշակութային վայրերի մանրամասն 3D սկանավորում՝ Հայաստանի և Արցախի ժառանգությունը թվայնորեն պահպանելու համար։