ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական է քվեարկել Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագրին։
Ըստ հիմնական զեկուցող, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի` համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը և համագործակցության իրականացման միջոցները:
Սարգսյանի խոսքով՝ համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների Պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով: Նա նշել է, որ համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կոչ է արել նախագծին կողմ քվեարկել՝ ասելով, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս է՛լ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ տեղադրման, այլև մեր զինվորների պատրաստվածության հարցում։
Հունաստանը պաշտպանության ոլորտում կհամագործակցի Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը, հայտարարել էր Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ Naftemporiki թերթին տված հարցազրույցում։
Հունաստանի պաշտպանության նախարարը Հայաստան էր այցելել մարտի 4-ին։ Այցի ընթացքում Դենդիասը հայտարարել էր պաշտպանական ոլորտում Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև քառակողմ համագործակցության մասին, ինչպես նաև նշել, որ իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ ստորագրել է մի շարք ռազմական համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում երկրները կկարողանալ համատեղ զորավարժություններ անցկացնել:
2023 թվականի դեկտեմբերին երկու երկրների Պաշտպանության նախարարները համաձայնագիր էին ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության մասին։