Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին՝ կապված Հայաստանից պատվիրակության՝ ուկրաինական Բուչա քաղաք այցի հետ, NEWS.ru-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա գնահատում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ։ Մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նրանց օգնության փոխանցմամբ և այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի արտահայտություններով»,- հայտարարել է Զախարովան։
Զախարովան «հիշեցրել է, որ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակիցն է, ուստի նրա արձագանքը միանգամայն բացատրելի է»:
Հունիսի 3-ին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը և Ուկրաինայում ՀՀ դեսպանը հանդիպել են Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև «ցավալի» է անվանել այն փաստը, որ հայկական իշխանությունները համերաշխություն են հայտնում վարչական շրջանի ղեկավարի հայտարարություններին:
«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ և միշտ պատրաստ ենք աջակցել Բուչային և մարտական գործողություններից տուժած մյուս համայնքներին»,- ասված էր Տեր-Մարգարյանի հայտարարության մեջ: Նշվում էր նաև, որ այցի շրջանակում հյուրերը «ծաղիկներ են դրել և հարգել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ»։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայկական կողմին կոչ էր արել կիսվել այն մարդկանց ցուցակով, ովքեր, ուկրաինական կողմի տվյալներով, զոհվել են Բուչայում: Զախարովայի խոսքով՝ ինքը տեսել է հաղորդագրություններ, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Բուչա:
«Անշուշտ, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որոնք Կիևի ռեժիմը վերագրել էր, իբր, ռուսական բանակին։ Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը կկիսվի ռուսական կողմի հետ այդ մարդկանց ցանկով։ Մենք երկու տարի է՝ չենք կարող հասնել նրան, որ ինչ-որ մեկը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, տվյալներ տրամադրեն այնտեղ զոհված մարդկանց ցուցակով»,- հայտարարել է Զախարովան։
Այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանից որևէ պատվիրակություն չի գնացել Բուչա, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ՌԴ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցեն, օրինակ, Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները։ Կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անուններ փոխանցել այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ առաքելություն էին ծավալում»,- նշել է Սիմոնյանը։