Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները՝ ի դեմս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, գիշերել են Բաղրամյան պողոտայում։
Ժամը 18։30-ին նրանք հանրահավաք էին անցկացրել Հանրապետության հրապարակում, ապա երթով շարժվել դեպի Դեմիրճյան փողոցում գտնվող ԱԺ-ի ծառայողական մուտքի մոտ, որը շղթայված էր ոստիկանական ուժերով․ Armenia Today-ը ուղիղ միացմամբ լուսաբանում է իրադարձությունները։
Այն բանից հետո, երբ Գալստանյանը չէր կարողացել պայմանավորվել ՀՀ ոստիկանապետ Արամ Սագսյանի հետ, որպեսզի ոստիկանները թույլ տան երթը շարունակել Դեմիրճյան փողոցով, ցուցարարները բաժանվել էին երկու մասի:
Մի մասը մնացել էր Բաղրամյան փողոցում, իսկ մյուս մասը Բաղրամյանով հասել էր կառավարական ամառանոցների մոտ ու թեքվել դեպի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ։ Բողոքի ակցիայի մասնակիցները Գալստանյանի գլխավորությամբ հասել էին կառավարական ամառանոցներ։
Պռոշյան փողոցի այն հատվածում, որտեղ կառավարական ամառանոցներն են, ոստիկանները փակել էին մեքենաների երթևեկությունը։
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումներ էին տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Բախումներ էին տեղի ունեցել նաև Բաղրամյան փողոցում։
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Գալստանյանի գլխավորած ակցիայի մասնակիցները Դեմիրճյան փողոցում փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան։
Դեմիրճյան փողոցով ավելի առաջ շարժվելուց և ոստիկաններին դիմադրություն ցույց տալուց հետո Գալստանյանը ցուցարարներին կոչ էր արել մնալ ոստիկանական շղթայի դիմացի խաչմերուկում։
Շարժման ներկայացուցիչներն անօրինական էին անվանել Դեմիրճյան փողոցով երթը շարունակելու ոստիկանության արգելքը, ինչպես նաև պահանջել էին ընդդիմադիր պատգամավորներին թույլ տալ մուտք գործել խորհրդարանի շենք։ Շարժման ներկայացուցիչների խոսքով՝ ոստիկանությունը հրաժարվել էր դա անել։
Մինչ հանրահավաքի մեկնարկը, Գալստանյանը հայտնել էր, որ մտադիր է չորս օր մնալ փողոցում և պայքարել մինչև վերջ՝ վարչապետի ու կառավարության հրաժարականին հասնելու նպատակով։