«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովել ու տապալել այն, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Երեկ՝ հունիսի 10-ին, ԱԺ խորհրդի նիստից հետո, ՔՊ-ն նիստի ժամանակ այս հարցը քննարկել է: Թերթը հիշեցրել է, որ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա։
ՔՊ-ում տարաձայնություններ չեն հայտնել, բոլորը միաձայն այն կարծիքն են կիսել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը՝ կառավարության հրաժարականի հարցով, չպետք է կայանա՝ անգամ փողոցում մեծաքանակ մարդկանց հավաքվելու դեպքում։
Հունիսի 10-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: ԱԺ խորհրդի նիստին ՔՊ-ն միաձայն մերժել էր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: