Արցախից բռնի տեղահանվածներն իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր, այսօր՝ հունիսի 11-ին ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:
Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
Համաձայն նախագծի՝ ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովելու կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:
Ըստ նրա՝ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից:
Հարությունյանը բացատրում է՝ դա նշանակում է, որ այդ անձինք այս պահին ունեն երկու կենսաթոշակային հաշիվ՝ առանձին համակարգերում:
«Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: Եվ այս նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը»,- ասաց Հարությունյանը:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մայիսի 31-ին ՀՀ իշխանություններին մեղադրել էր արցախցիների կուտակային կենսաթոշակները ՀՀ կենսաթոշակային ֆոնդ ուղղելու մեջ։
Մարտի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀՀ կառավարության մեծամասնությունը դեմ է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերադարձին։