Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին, որի հետ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին»,- տեղեկացրել են կառավարությունից։
Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն՝ ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
«Օ՛Բրայենը շեշտել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով»,- հավելել են կառավարությունից։
Հունիսի 11-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, որին մասնակցում էր Օ՛Բրայենը։ Նիստի ավարտին Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել։