«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորներին ծանուցում է ուղարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստից մի քանի ժամ առաջ և նրանց տեղեկացվել է, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստում ժամը 16:00-ին տեղի կունենա կառավարության հրաժարականի հարցով ուղերձի նախագծի քննարկումը։
Նա նշել է, որ ըստ խորհրդարանի կանոնակարգ օրենքի՝ հանձնաժողովի նիստն ԱԺ լիագումար նիստին զուգահեռ չի ընթանում: Հանձնաժողովի նիստը գումարվել է ժամը 16:00-ին` ԱԺ ընդմիջման ժամին:
Կոնջորյանի խոսքով՝ կանոնակարգի համաձայն՝ պետք է գումարվեր ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստ, որտեղ ընդդիմությունը պետք է հնչեցներ իր պահանջները (վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականը-խմբ․), որից հետո հանձնաժողովը պետք է կողմ կամ դեմ քվեարկեր:
«Սա ընդդիմության համար վճռական պահ էր։ «Հանձնաժողովի նիստը գումարվել է, և դրանից մի քանի ժամ առաջ` ըստ կարգի, պատգամավորները ծանուցվել են նիստի անցկացման ժամի մասին (նամակներն առկա են)»,- ասել է նա։
Առանց զեկուցողի նիստի մասին հայտնել էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը։ Միաժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, նիստը հակաօրինական էր, քանի որ Ազգային ժողովի նիստին զուգահեռ՝ չէր կարող հանձնաժողովի նիստ գումարվել։ Նա նաև հայտնել էր, որ ընդդիմադիր պատգամավորներին տեղյակ չեն պահել նիստի մասին։
Կոնջորյանն ընդդիմության գործողություններն անվանել է «ստի և կեղծիքի մեկամսյա մարաթոն» և հայտարարել, որ «ընդդիմությունը խաբել է սեփական հետևորդներին, թե այս ուղերձի քննարկմամբ որևէ բան է փոխվելու»:
Ըստ Կոնջորյանի՝ Արծվիկ Մինասյանը, փոխանակ մասնակցեր հանձնաժողովի նիստին, մտել է նիստերի դահլիճ և գրանցվել ելույթ ունենալու ու հարց տալու համար, որի պատճառով էլ հանձնաժողովի նիստը մեկնարկել է առանց նրա։
«Ժամը 16:00-ի ընդմիջումից առաջ, երբ մենք քննարկում էինք ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծը, ընդդիմության պատգամավորներից ոչ ոք դահլիճում չէր: Հանկարծ, ընդմիջումից րոպեներ առաջ, անակնկալ կերպով դահլիճ է մտնում Արծվիկ Մինասյանը և գրանցվում է հարց տալու, հետո` ելույթ ունենալու համար»,- հայտարարել է Կոնջորյանը։
Նա նման վարքագիծը «տարօրինակ» է անվանել և հայտարարել, որ ընդդիմությունը հատուկ է քվեարկությունը ձախողել և մոլորության մեջ է գցում ցուցարարներին այն կեղծ թեզով, որ իրենց չեն տեղեկացրել:
«Արդեն ժամը 16:30-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, մենք հայտարարում ենք, որ ընդդիմությունը չի եկել հանձնաժողովի նիստին` տապալելով սեփական այդքան կարևոր ուղերձի քննարկումը, որին մեզ հրավիրում են հենց իրենք: Հետո Արծվիկ Մինասյանը հայտարարում է, որ ինքը կարևոր հարց ուներ տալու այլ օրենքի նախագծի վերաբերյալ, դրա համար չի գնացել հանձնաժողովի քննարկմանը: Իսկ ավելի ուշ Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով` սեփական աջակիցներին մոլորեցնում է` հայտարարելով, թե իբր իրենք տեղյակ չէին հանձնաժողովի նիստի մասին և նիստն ապօրինի էր»,- ասել է ՔՊ պատգամավորը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ընդդիմությունը, հասկանալով, որ չի կարողանալու հասնել իր նպատակներին, մտադիր է հետագա անկարգությունների համար հիմք ստեղծել։
«Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը: Միակ չիմացողն իրենց աջակիցներն են: Ուրեմն նրանց է պետք խաբել: Եվ Բագրատն ու ընդդիմությունը կիրակի օրը ծրագրում են հետևյալը` մարդկանց պետք է բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների: Բայց մինչ այդ պետք է գործընթացը տաքացնել, որ մարդիկ մի քանի օր այնտեղ մնալու և կռիվ տալու էմոցիոնալ և լեգիտիմ առիթ ունենան»,- հայտարարել է նա։
Նա իմպիչմենտի գործընթացն ինքնին անվանել է «կեղծ» և ասել, որ ընդդիմությունը հույս ուներ, որ 96 ժամվա ընթացքում կշարունակվի վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկումը։
«Մենք հանձնաժողովի նիստը նշանակեցինք այսօր, որից ընդդիմությունն անակնկալի եկավ` եթե գնար նիստին, փաստարկների դաշտում ջախջախվելու էր, որից հետո իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկելու»,- եզրակացրել է Կոնջորյանը։
Նա ընդգծել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կօգտագործի տապալված քվեարկությունը ժողովրդին մոբիլիզացնելու, ապա բախումներ հրահրելու համար:
«Եթե հաջողվի իշխանությունը զավթել, ապա կիրագործվի իրենց հայաստանյան և ոչ հայաստանյան տերերի դիվային ծրագիրը: Եթե չհաջողվի, ընդդիմությունը երեսը կփրկի` ասելով, որ ինքը նախաձեռնեց հրաժարականի գործընթաց, բայց դավաճան իշխանությունը չմիացավ դրան»,- եզրափակել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ, չնայած հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը 2 ամսով հետաձգել են, հունիսի 17-ի Ազգային ժողովի արտահերթ նիստը գումարվելու է։ Մինասյանի խոսքով՝ ԱԺ հանձնաժողովի նիստն ապօրինի է հրավիրվել, արտահերթ նիստի օրը չի փոխվի, քանի որ «սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի»։
Հունիսի 10-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: ԱԺ խորհրդի նիստին ՔՊ-ն միաձայն մերժել էր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: