ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ ՌԴ օրվա առթիվ:
Նա Պուտինին ուղղված նամակում համոզմունք է հայտնել, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված հայ-ռուսական դարավոր հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով։
Այս սկզբունքները, Փաշինյանի խոսքով, կնպաստեն երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ երկու պետությունների կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։