ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հերքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին լուրերը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մենք կորոշենք, երբ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- խորհրդարանում հայտարարել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ խորհրդարանի նիստը ձայնագրվում է, և Փաշինյանի խոսքերը հեշտությամբ կարելի է ստուգել։
Փաշինյանը հունիսի 12-ին խորհրդարանում՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմում կրած պարտության և ստեղծված իրավիճակի պատասխանատուների մասին։ Նա մեղավորերի շարքում ակնարկել է «փուչիկ դաշինք» ստեղծողների մասին՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի:
«Մեղավորը նրանք էինք, ովքեր ստեղծել էին փուչիկ դաշինք ու պարզվեց, որ նրանք ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն էին կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ էին պայմանավորվում»,- ասել է Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավորների հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Փաշինյանը պատասխանել է, որ «իշխանությունները կորոշեն, թե երբ դուրս գան կազմակերպությունից»։
«Դուրս կգանք, դրանո՞վ եք վախեցնում։ Մենք կորոշենք, երբ դուրս գանք։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է։ Կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»,- արձագանքել է Փաշինյանը։
Պատգամավորների հարցին՝ այդ դեպքում ո՞ւր է գնում Հայաստանը, նա հայտնել է, որ գիտի ճանապարհն ու «իշխանությունը համարյա հասել է տեղ»։
«Գնում ենք դեպի իրական, ինքնիշխան, խաղաղ, սահմանազատված սահմաններով Հայաստան պետություն։ Իսկ այնտեղ հետ չենք գնա, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»,- հայտարարել է վարչապետը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ ի՞նչ վիճակում կլինեին Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը, եթե նա չլիներ իշխանության ղեկին, Փաշինյանը նշել է, որ «Հայաստանը կվերածվեր գուբերնիայի»։
«Ամեն ինչ նույնը կլիներ, բայց մի տարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը 100%-ով գուբերնիա կլիներ: Մենք ձեր տված հարցը մեզ տվել ենք ու ստացել ենք պատասխան, թե ինչ պետք է անենք՝ դա թույլ չտալու համար։ Հիմա հենց դա ենք անում։ Այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք չի լինելու, եթե, իհարկե, նկատի չունենք բնական աղետները»։