ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներն անվանել է պետության զավթման փորձ։
Նա այսօրվա բախումները համեմատել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ, երբ մի խումբ զինված անձինք լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժել էին ԱԺ նիստերի դահլիճ և կրակել երկրի ղեկավարների ու կառավարության անդամների ուղղությամբ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։
«Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, պետության զավթման փորձ, նոր հոկտեմբերի 27»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Նա Գալստանյանին մեղադրել է Ազգային ժողովի վրա հարձակում կազմակերպելու, իսկ խորհրդարանական ընդդիմությանը՝ իր հետ համագործակցելու մեջ։
Խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցուցարարները մտադիր էին խորհրդարանում առաջացնել նույն անկարգությունները, որոնք տեղի էին ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Այդ օրը ցուցարարները հարձակվել և ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
Նա հավելել է, որ իր քաղաքական թիմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «ցանկացած հարձակումից» շարունակելու է պաշտպանել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։