Հունիսի 12-ին ԱԺ շենքի հարակից տարածքում տուժածներից ամենաբարդ վիճակում գտնվում է ձեռքի վիրահատության ենթարկված քաղաքացին, Armenia Today-ին հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նրա խոսքով՝ թեև պացիենտի վիճակը ծանր չէ, սակայն նա ամենաշատն է տուժել։
Գերատեսչության տվյալներով՝ ժամը 9։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 101 մարդ, բուժօգնության դիմած քաղաքացիներից 85-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։
Ծատրյանը չի մանրամասնել քանի տուժած է միջին, քանիսը՝ թեթև ծանրության վնասվածք ստացել, քանի որ այդ թիվն անընդհատ կարող է փոփոխվել։ «Կարևորը վերակենդանացման բաժանմունքում հիվանդներ չկան»,- ասել է նա։
Նշենք, որ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ, ըստ հեղինակի, ֆիքսվում է այն պահը, երբ բողոքի մասնակիցը դիպչում է լուսաձայնային նռնակին, և այն պայթում է նրա ձեռքում՝ պոկելով այն։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ դաստակը վնասած տղամարդը փորձել է վերցնել լուսաձայնային նռնակը և իբրև նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն այդ պահին նռնակը պայթել է։ Նշվում է, որ տղամարդու թևն անդամահատել են։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր, և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։