Բելառուսն ու ՌԴ-ն պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուս չգնալու և ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին։
Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին հայտարարել է, որ հանգիստ է գնահատում Փաշինյանի՝ Մինսկին ուղղված «իմպուլսիվ հայտարարությունները»։
«Մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, ում հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա Telegram-ի ալիքում։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում իրենց համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ «Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- շեշտել է նա։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարություններին՝ ասել է, որ Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում։
«Միաժամանակ՝ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Պեսկովը։
Այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է։
Նշենք, որ հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերքել էր Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին լուրերը և նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մենք կորոշենք, երբ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից։ «Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- խորհրդարանում հայտարարել էր Միրզոյանը։