Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի, հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա խոսքով՝ վրանային ավանն այլևս չի լինի, սահմանված 4 օրը լրացել է։
Նա նշել է, որ շարժումը պետք է վերադասավորել, վերաձևակերպել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի ընդգրկուն՝ հասցնելով իր հաղթական ավարտին։
«Մեր այս շարժումն ընդամենը 40 օրվա շարժում է, որը չհանձնվելու մասին է։ Մենք պայքարելու ենք ստի դեմ, չենք հանձնվելու, այս պայքարը հաղթանակի մասին է, այլ ելք չկա»,- ասել է նա:
Շարժման առաջնորդը նաև հայտնել է հունիսի 14-16-ը քաղաքական ուժերի հետ հանդիպելու մասին: «Հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, հավաքվելու ենք այստեղ (Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում): Ժամը 18։30 նշանակված է ԱԺ արտահերթ նիստը։ Մենք այս 4 օրերին 96-ժամյա սահմանումը սպառել ենք։ 4 օրերի շրջանը մենք սպառել ենք, բայց դիմացն ունենք հունիսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել, որպեսզի այդ անվստահության գործընթացն սկսեն»,- ասել է նա։
Հունիսի 10-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: ԱԺ խորհրդի նիստին ՔՊ-ն միաձայն մերժել էր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին:
Գալստանյանը կոչ է արել ՔՊ պատգամավորներին համոզել, որ նրանք պաշտպանեն նախաձեռնությունը։ «ՔՊ կուսակցության բոլոր պատգամավորներից ում հետ կապ ունեք կամ կարող եք առնչություն ունենալ, ուղղակի զբաղվեք նրանցով, որպեսզի գան իրենց օրինական գործառույթները կատարեն․ դուք եք նրանց վճարողը»,- ընդգծել է նա։
Սրբազանը մեկնաբանել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ ոստիկանության բախումը, որի ընթացքում ոստիկանները կիրառել էին լուսաձայնային նռնակներ, իսկ Առողջապահության նախարարությունը հունիսի 13-ին հայտնել էր 101 տուժածի մասին։
«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, պարզապես ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը։ Հայտարարել էինք 96-ժամյա ռեժիմի, 4 օրվա մասին, և երեկվա դատապարտելի, արյունի ծարավ դեպքերը եկան վկայելու, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ գործելու, ամեն ինչի ընդունակ է, միայն թե իր աթոռը չփախնի իր տակից»,- նշել է նա։
Գալստանյանի խոսքով՝ ինքը պատրաստ է միայնակ պայքարել գործող իշխանության դեմ։ «Եթե նույնիսկ մենակ էլ լինեմ, չեմ թողնելու սա, այս մարդկանց ստերի դեմ ամեն ինչ անելու եմ»,- հավելել է նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չորրորդ օրն է շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԺ շենքի մոտ հավաք էր, որին զուգահեռ Ազգային ժողովում տեղի էր ունենում ԱԺ-Կառավարության հարցուպատասխանը։
Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից հետո շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակ պահելով Բաղրամյան պողոտան։
Մանրամասները՝ տեսանյութում։