ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պաշտոնյան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։
«Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վերման կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, որը ղեկավարում է Պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։
Հունիսի 11-ին Երևանում տեղի էր ունեցել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, որին մասնակցել էր ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Նիստի ավարտին Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել։