ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախարարներին կարգադրել է չայցելել Բելառուս, գրում է Armlur-ը։ ԶԼՄ-ն լուսանկար է հրապարակել և նշել, որ սա կարգադրության փաստաթուղթն է։ Այնտեղ նշված է, որ կարգադրությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ է։
«Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն»,- գրել է ԶԼՄ-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հունիսի 13-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և կառավարության անդամները Բելառուս չեն այցելի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինիս Փաշինյանը մեղադրել է 44-օրյա պատերազմը նախապատրաստելու և Ադրբեջանի հաղթանակը ցանկանալու մեջ։ Բելառուսն ու ՌԴ-ն պատասխանել էին Փաշինյանի՝ Բելառուս չգնալու և ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին։ Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին Փաշինյանի՝ Մինսկին ուղղված խոսքերն «իմպուլսիվ հայտարարություններ» էր որակել, որոնց, նրա խոսքով, Մինսկում հանգիստ են վերաբերվում։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում, միաժամանակ՝ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Հունիսի 13-ին Երևանը հայտարարել էր խորհրդակցությունների համար Բելառուսում իր դեսպան Ռազմիկ Խումարյանին հետ կանչելու մասին։ Նույն օրը՝ ավելի ուշ, Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել ՀՀ-ում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։