Ռուսաստանը ռեկորդային կարճ ժամկետում վերականգնել է Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Շուրջօրյա իրականացվող աշխատանքների արագ տեմպերի շնորհիվ հնարավոր է եղել երթևեկությունը բացել նախատեսվածից մեկ շաբաթ շուտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մայիսի 25-ին ջրհեղեղի հետևանքով ընդհատված Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունն այժմ վերականգնվել է։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ շուրջօրյա անշահախնդիր աշխատել են երկաթուղու բնական աղետի հետևանքով վնասված հատվածը վերականգնելու համար։
«Առաջին փորձնական գնացքը վերականգնված գծով մեկնել է հունիսի 14-ին, որն սպասվածից մեկ շաբաթ շուտ էր։ Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային կապը Վրաստանի հետ վերականգնվել է»,- ասել է նա։
Հունիսի 14-ին Լոռու մարզպետարանը հայտնել էր աղետի գոտում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքի վերականգնման մասին։ Հունիսի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր ջրհեղեղից վնասված երկաթուղու նախատեսված ժամանակահատվածից շուտ վերականգնման մասին։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Մայիսի 31-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար էր հատկացրել։ Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի մասնագետները ջրհեղեղից հետո սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղին։