«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այսօր՝ հունիսի 17-ին, օրենքի ուժով գումարվող ԱԺ արտահերթ նիստին, «Արմենպրեսին» հայտնել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա ընդդիմության օրակարգն անվանել է «կեղծ» և ասել, որ այն չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։
«Արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 33 պատգամավոր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի հորդորով հունիսի 10-ին ԱԺ խորհրդին էր ներկայացրել միջնորդություն և պահանջել արտահերթ նիստ գումարել հունիսի 11-ին՝ ժամը 18։00-ին։ Ըստ ԱԺ միջնորդության՝ արտահերթ նիստում Ազգային ժողովը պետք է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման ուղերձ հղեր։
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ի նիստում մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը։ ԱԺ խորհրդի նիստից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մանրամասնել էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ԱԺ նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին։