Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով ՀՀ բժշկական հաստատություններում դեռևս 6 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ, Armenia Today-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ըստ Ծատրյանի՝ բուժառուներից 2-ի վիճակը միջին ծանրության է, իսկ 4-ինը՝ թեթև կայուն։ Ծատրյանը չմանրամասնեց, թե ովքեր են այդ բուժառուները։
Հունիսի 13-ին Առողջապահության նախարարությունն Armenia Today-ին հայտնել էր 100 տուժածի մասին, որից 17-ը, ոստիկանության հաղորդմամբ, ՆԳՆ աշխատողներ են։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հանրահավաք՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, երբ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։
Հավաքի ընթացքում տեղի էր ունեցել երկու բախում ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև։ Բախման ժամանակ, ինչպես հայտնել էր Armenia Today-ի թղթակիցը, ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, այդ թվում, լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով կան տուժածներ, ցուցարարներից մեկի ձեռքի մատներն անդամահատել են։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։