Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել, հայտնել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ 54 պատգամավորի փոխարեն գրանցվել է 34-ը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից որևէ մեկը նիստին չի ներկայացել։
Նիստի օրակարգում ընդգրկված է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը:
ԱԺ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցի հունիսի 17-ի ԱԺ արտահերթ նիստին։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 33 պատգամավոր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի հորդորով հունիսի 10-ին ԱԺ խորհրդին էր ներկայացրել միջնորդություն և պահանջել արտահերթ նիստ գումարել հունիսի 11-ին՝ ժամը 18։00-ին։ Ըստ ԱԺ միջնորդության՝ արտահերթ նիստում Ազգային ժողովը պետք է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման ուղերձ հղեր։
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ի նիստում մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը։ ԱԺ խորհրդի նիստից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մանրամասնել էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ԱԺ նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին։