Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ծանոթացել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքներին, հանդիպել սահմանամերձ բնակիչներին, ինչպես նաև Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին։
Վարչապետը ծանոթացել է ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ աշակերտների ձեռքբերումներին, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների, այդ թվում՝ սահմանազատման գործընթացի մասին։ Նա «կեղծ օրակարգ» է որակել սահմանազատման դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունները և հայտնել, որ «սահմանազատումն աղետ են ներկայացնում, բայց իրականությունն այլ է»։
Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Փաշինյանին են ներկայացրել Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Փաշինյանը նշել է, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները հնարավորություն են տալիս խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքի մասին:
Վարչապետն այցելել է նաև Խնձորեսկ, որտեղ բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին։ Փաշինյանն այցելել է Խնձորեսկում տեղակայված ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալում, ծանոթացել սպաների ընտանիքների համար ստեղծված բնակելի պայմաններին:
Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել պուրակի և խաղահրապարակի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 39.9 մլն դրամ: Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութերում։