Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:
Ըստ գերատեսչության՝ Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս կառավարության կողմից հաստատված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:
Երևանում հունիսի 17-ին մեկնարկել է ժողովրդավարության հարցերով ԱՄՆ-Հայաստան համաժողովը։ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները հունիսի 11-ին մաքսային մարմինների փոխօգնության համաձայնագիր էին կնքել: Միացյալ Նահանգները նաև հայտարարել էր Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին աջակցությունը շարունակելու մասին: Երևանը Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսություն էր սկսել 2022 թվականի մայիսին։