Շուրջ հարյուր ֆրանսիացի քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ և գիտականներ բաց նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրան կոչ արել ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, գրում է Le Point թերթը։
«Մենք կոչ ենք անում այս եղբայրական երկիր ուղարկել զինված ուժեր՝ խաղաղապահ զորախումբ, որի արդյունավետ ներկայությունը կզսպի բոլոր նրանց, ովքեր մտադիր են հարձակվել Հայաստանի վրա»,- ասվում է նրանց նամակում։
Հեղինակները շնորհակալություն են հայտնել Ֆրանսիայի նախագահին Երևանին ցուցաբերվող ռազմական օգնության և Ֆրանսիայում հայ զինվորական անձնակազմի պատրաստման համար, միաժամանակ ընդգծելով Ադրբեջանի ռազմական գերազանցությունը և Հայաստանի վրա հարձակվելու ցանկությունը։
«Ցավոք, մտահոգություններ կան, որ այդ ջանքերը բավարար չեն Ալիևի ռեժիմին ստիպելու համար հրաժարվել իր ծավալապաշտական և հանցավոր նախագծերից։ Ունենալով իրական ռազմական գերազանցություն, որը ձեռք է բերվել գազի և նավթի եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ՝ Ադրբեջանը կարող է դիմել ռազմական էսկալացիայի, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներից հետո»,- ասվում է կոչում։
Ըստ նամակի հեղինակների՝ ստեղծված իրավիճակն սպառնում է Հայաստանին լիակատար կործանմամբ՝ «1915 թվականի ցեղասպանությունից հարյուր տարի անց»։
«Սա բացարձակ աղետ կլինի Հայաստանի մեր եղբայրների համար, մի երկիր, որը մեզ այնքան մոտ է իր պատմությամբ և իր արժեքներով, և սարսափելի ձախողում ողջ մարդկության, հետևաբար՝ Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր տերությունների համար, որոնք ձգտում են հարգել միջազգային իրավունքը»,- ասել են հեղինակները։
Նամակի հեղինակներն ընդգծել են նաև Ֆրանսիայի խաղաղապահ առաքելությունների և մարդասիրական գործողությունների հաջող փորձը։
«Մեզ թվում է, որ այս վտանգված երկրում բարձրացնելով եռագույնը և հաստատելով իրենց բացառապես խաղաղ կոչումը, նրանք (խաղաղապահ զորախումբը – խմբ.) կվերականգնեն հույսի, համերաշխության և ազատության շունչը և դրանով իսկ կամրապնդեն մեր սեփական իմունային համակարգը ամբողջատիրության և խավարամտության դեմ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում։
Նամակը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, փիլիսոփա Էլիզաբեթ Բադինտերը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախկին նախարար Բեռնար Կուշները, Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի ղեկավար Վալերի Պեկրեսը, , Օ-դե-Ֆրանս շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոկյեն, սենատոր Կոլոմբ Բրոսելը, գրող Բեռնար-Անրի Լևին, փիլիսոփա Պասկալ Բրուկները, գրող և հրատարակիչ Ժան-Ֆրանսուա Կոլոզիմոն, Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը, Ֆրանսիայի կրթության նախկին նախարար Ժան-Միշել Բլանկերը, Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Բրունո Լե Ռուն, ընտանիքի, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության նախկին նախարար, սենատոր Լորանս Ռոսսինյոլը, SOS ռասիզմի ասոցիացիայի նախագահ Դոմինիկ Սոպոտը, դերասան Սիմոն Աբգարյանը, փիլիսոփա Մարկ Ալպոզոն, գրող Մոնիկ Ատլանը, արվեստաբան Դոմինիկ Բաքեն, սենատոր Էթյեն Բլանը, լրագրող, Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, Ալֆորվիլիի քաղաքապետ Լյուկ Կարվունան, իրավաբան Ժուլի Կուտյուրիեն, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Մոնպելյեի քաղաքապետ Միքայել Դելաֆոսը, սենատոր Ռեմի Ֆերոն, դերասանուհի Բրիժիտ Ֆոսեթը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենը, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժոզենը, ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանը, Fraternité Association նախագահ Պիեռ Հենրին, սենատոր Բեռնար Ժամիերը, Բուկ-Բել-Էյրի քաղաքապետ Ռիչարդ Մալյեն, գրող Էրիկ Նոլոն և ուրիշներ։
Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Պաշտպանության նախարարությունը համագործակցության պայմանագիր էր կնքել նաև ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության հետ։
Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտնել էր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ «CAESAR» թնդանոթների մատակարարման պայմանագիր ստորագրելու մասին: Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Փարիզին մեղադրել էր Հարավային Կովկասում իրավիճակը սրելու փորձի մեջ։