Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։
«Ոչ, գիտեք, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է նա։
Լեբեդևը նշել է, որ ՀՀ բարձրաստիճան անձանց հայտարարություններն ԱՊՀ-ին չէին վերաբերում։ «Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունը Համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ, և ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես կլինի»,- ավելացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Մարտի 26-ին հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում։ Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։
Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի էր անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում: Կազմակերպությունն այդ մասին հայտարարել էր ի պատասխան Փաշինյանի այն խոսքերի, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե չստանա հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ իր բարձրացրած հարցերի պատասխանները:
Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը հայտնել էր, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։
Հունիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերքել էր Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին լուրերը և նշել, որ Փաշինյանն ասել է՝ մենք կորոշենք, երբ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից։ «Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- խորհրդարանում հայտարարել էր Միրզոյանը։