«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 18-ին` վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քննարկել է Սյունիքում տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Հունիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այց էր կատարել Սյունիքի մարզ, ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին և տեղի բնակիչների խնդիրներին: Նա «կեղծ օրակարգ» էր որակել սահմանազատման դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունները։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր, որ Փաշինյանի սյունիքյան այցը նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ (Արարատի մարզում` Տիգրանաշեն, Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը) հանձնել Ադրբեջանին: