Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն, ՔՊ ներկայացուցիչ Հովհաննես Մանուկյանի դեմ վարույթ է հարուցվել մոտ 1 միլիարդ դրամի չարաշահման համար, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթը հիշեցրել է, որ Մանուկյանը 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, սակայն նրան շաբաթներ առաջ պաշտոնանկ են արել։ Քրեական վարույթը վերաբերում է աղբահանության ոլորտին։
Լրատվականի տվյալներով՝ դեռ 2 ամիս առաջ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն ստուգումներ էր իրականացրել աղբահանության ՀՈԱԿ-ում և հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, և դրանից հետո Մանուկյանն ազատվել էր «Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։
Թերթի աղբյուրի տեղեկությամբ՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել։
«Առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, և Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով»,- գրել է թերթը։