Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան «սադրանք» է անվանել Երևանի և Փարիզի միջև նոր համաձայնագրերը զենքի մատակարարումների, այդ թվում՝ Հայաստանին CAESAR թնդանոթներ մատակարարելու վերաբերյալ։
«Փարիզը ձգտում է երկրների ներսում կամ երկրների միջև առկա տարաձայնությունները, հակասություններն օգտագործել որպես գործիք բացառապես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար: «Պատեհապաշտական նպատակներ» ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Ելիսեյան պալատի անձնական շահը, այլ նաև Ֆրանսիային՝ որպես ՆԱՏՕ-ի, այսպես ասած, գաղափարախոսության դիրիժոր»,- ասել է նա:
Հունիսի 19-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան Հայաստանին 36 CAESAR թնդանոթ կմատակարարի իր պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ինքնագնաց հրետանային կայանքները Հայաստան կհասցվեն 15 ամսվա ընթացքում։
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Այցի շրջանակում ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին CAESAR հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է: 2024-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա։
Մանրամասները՝ տեսանյութում։