Հունիսի 16-ին Սյունիք կատարած երկօրյա այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած վարչության նիստի ժամանակ որոշել է լուծարել ՔՊ Սյունիքի տարածքային կառույցը և նոր կառույց ձևավորելու աշխատանքներ սկսել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ հունիսի 18-ին կայացած նիստում Փաշինյանը ՔՊ տարածքային կառույցում տիրող վիճակի և այդ մասին իրեն չտեղեկացնելու մասին խոսել է կուսակիցների հետ։ Նիստին, ըստ թերթի, ներկա են եղել Սյունիքից ընտրված պատգամավորներ, կուսակցական պաշտոնյաներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Փաստը», հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետը, ՔՊ պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը, Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Նարեկ Դավթյանը։
«Ըստ Փաշինյանի՝ նշյալ անձինք, իրենց հեռու են պահում կուսակցությունից, չեն պահում կուսակցության «գիծը»։ Արդյունքում՝ Կապանի ՔՊ կառույցը փաստացի չի գործում, գրեթե լուծարված վիճակում է»,- գրել է «Փաստը»։
«Հրապարակի» տեղեկություններով՝ «Փաշինյանը հորդորել է ավելի խիստ վերահսկողություն սահմանել կուսակիցների շարժի նկատմամբ, ասել է, որ այսուհետ ինքն է լինելու ամեն ինչի պատասխանատուն»։
«Պատմում են, որ Փաշինյանն անգամ ցանկացել է Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարին հեռացնել կուսակցության շարքերից։ Մարզպետ Ղուկասյանն է միջնորդել և Փաշինյանին խնդրել է նրան չհեռացնել»,- գրել է «Հրապարակը»։
Հունիսի 18-ին ՔՊ-ն հայտնել էր, որ կուսակցությունը վարչության նիստում Սյունիքում տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր է քննարկել։
Հունիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այց էր կատարել Սյունիքի մարզ, ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին և տեղի բնակիչների խնդիրներին: Նա «կեղծ օրակարգ» էր որակել սահմանազատման դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունները։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր, որ Փաշինյանի սյունիքյան այցը նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ (Արարատի մարզում` Տիգրանաշեն, Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը) հանձնել Ադրբեջանին: