Մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի ինքնագլոր վարել։ Կառավարությունը հաստատել է ինքագլոր վարելու նոր կանոնների նախագիծը, որն ուղղված է դրանց շարժը կարգավորելուն։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Ինչպես կառավարության հունիսի 20-ի նիստում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ նախագծի անհրաժեշտությունը բխում է վերջին շրջանում Երևանում և մարզերում տարածված ինքնագլորներով, սքեյթբորդներով և միանիվ հեծանիվներով։ Դրանց տեղաշարժի իրավական կարգավորումներ գոյություն չունեն։
Ըստ նոր կարգավորումների՝ ինքնագլոր վարել թույլատրվելու է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին կամ 16 տարեկանից բարձր այն անձանց, ովքեր ունեն AM կարգի վարորդական իրավունք (մոպեդների և ինքնագլորների համար):
Կառավարությունը կսահմանի ինքնագլոր վարելու արագությունը, այն չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։ Միևնույն ժամանակ վարելիս կպահանջվի սաղավարտ կրել։
«Նախատեսում ենք, որ ինքնագլորներն ու ղեկով կառավարվող միջոցներն անպայման պետք է ունենան ստուգաչափման սարք»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ սահմանված ժամկետը կապված է հենց համապատասխան վարձակալական ընկերությունների կահավորման աշխատանքների հետ։
Մինչև 18 տարեկան անձինք կարող են օգտվել սկուտերներից միայն համայնքապետարանի կողմից սահմանված վայրերում։
Նախագծում նշված է, որ ինքնագլորների համար հատկացված կլինեն հատուկ վայրեր։ Դրանք են՝ հեծանվային կամ հեծանվահետիոտնային հատվածները, որոնք կարող են լինել ճանապարհային կողնակները։ Դրանց բացակայության դեպքում թույլատրվում է ճանապարհի աջամասային հատվածում երթևեկել։
Սարգսյանի խոսքով՝ բոլոր կարգավորումները համաշխարհային մակարդակով ընդունված կանոններ են, ոչ մի նորարարություն չենք նախատեսում։
2022 թվականի հուլիսին հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաև այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: