Հայաստանն ու Լիտվան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրամիությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հուշագիրը Վիլնյուսում ստորագրել են Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Այսօր մեր երկրների միջև «Եվրոպական միությանն առնչվող հարցերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ մենք հատկացնում ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների էական խորացմանը, այդ ուղղությամբ մեր քաղաքացիների ձգտումներին»,- համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է Միրզոյանը:
Նա շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին Վիլնյուսի աջակցության և ՀՀ-ում ջրհեղեղի հետևանքների վերացմանն ուղղված ֆինանսական աջակցության համար։ Նախարարները քննարկել են նաև տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր։
Փետրվարին Հայաստանն ու Լիտվան ստորագրել էին 2024 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիր։ Մարտի 8-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի»։