Սփյուռքը ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ չի կարող լինել, «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հունիսի 19-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն իր պնդումը պարզաբանել է այնպես, որ ՀՀ-ն իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նկարագրված է, թե ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը։
«Եթե այդ ճարտարապետության մեջ չկա որևէ դետալ կամ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այս ամբողջությունը կապել տվյալ մեխանիզմին, ապա արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ շատ դեպքերում Հայաստանի Հանրապետությունն է ընկալվել որպես սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք, որին ևս պետք է վերջ տալ, քանի որ այդ դեպքում ՀՀ-ն դուրս է գալիս իր իրավազորության սահմաններից։
Նա նշել է, որ ՀՀ-ն չի կարող գործել այնտեղ, որտեղ գործելու իրավազորություն և լեգիտիմություն չունի։ Նա հավելել է, որ Հայաստան-սփյուռք հարաբերություններում տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններն առաջվանը չեն ու չեն կարող լինել, ինչն ըստ նրա՝ ակնհայտ է։
Վարչապետն «իԳործ» ծրագրի մասնակիցներին ասել է, որ իրենք մեծ դերակատարում ունեն այն հարցում, որ Հայաստանը չպետք է ընկալվի որպես սրբապատկեր, որի առաջ մոմ են վառում, այլ կենդանի օրգանիզմ, որն ունի առավելություններ, թերություններ, կարող է «տեղ-տեղ լինել սիրելի, տեղ-տեղ՝ ոչ գրավիչ»։
«Կենդանի օրգանիզմի լավն այն է, որ նա կարող է մարզվել, ձգտել դառնալ ավելի լավը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով որ սրբապատկերն, ի տարբերություն կենդանի օրգանիզմի, այնպիսին է, ինչպիսին կա, նրա վրա ոչ ավելացնել է հնարավոր, ոչ պակասեցնել, նրա հետ հարաբերվելու կենդանի ռեժիմ չկա։