«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մարելու մասին և խոստացել լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել բոլոր հարցերին։ Այս մասին նա հայտնել է Tert.am-ի հետ զրույցում։
«Ես հասկանում եմ, որ երբ շարժումը մարում է կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել է Պետրոսյանը։
Նա վաղը՝ հունիսի 21-ին, Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում մամուլի ասուլիս է հրավիրել։
Հունիսի 12-ին ՀՀ խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից հետո, որի ժամանակ բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանով շուրջ 100 քաղաքացի դիմել էր բժշկական օգնության, Պետրոսյանի Facebook-ի էջում տեղեկություն էր հրապարակվել, որ, ըստ ականատեսների, քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են նրան։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնել էին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Պետրոսյանը։ Հունիսի 17-ին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Հասմիկ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Պետրոսյանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և հունիսի 18-ին կվերադառնա երկիր ու հանդես կգա հայտարարությամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հունիսի 19-ին հայտնել էր, որ «հարցեր ունի» շարժման մասնակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին այն մասին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել շարժմանը։ Նրա խոսքով՝ Պետրոսյանի հետ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, սակայն հանդիպումն իրենց համար անհասկանալի է մնացել, նա պետք է կարողանա հաստատել, որ իրեն առևանգել են։