ԱԱԾ-ն վերջին օրերին ակտիվորեն լծվել է ընդդիմադիր դաշտը պառակտելու, նրանց իրար դեմ հանելու գործին, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ ԱԱԾ-ն իշխանական կայքերի ու ֆեյքերի միջոցով տեղեկատվական դաշտ է նետում ապօրինի գաղտնալսումներ և փորձում ընդդիմության ներքին զրույցներով պառակտել ընդդիմադիր ուժերին։
Որպես օրինակ՝ թերթը բերել է ՀՅԴ ԳՄ անդամ, այժմ կալանավորված Գերասիմ Վարդանյանի հեռախոսազրույցի ձայնագրությունն ինչ-որ մեկի հետ, որում նա վիրավորական արտահայտություններ է անում Բագրատ Սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին։
Ըստ թերթի աղբյուրի՝ ԱԱԾ-ի պառակտիչ գործողություններն առաջիկայում շարունակվելու են: «Ոմանց փորձելու են կոմպրոմատներով ու քրգործերով վախեցնել, մյուսներին` «վերբովկա անել»»,- գրել է թերթը։
Շարժման ակունքներում կանգնած Սուրեն Պետրոսյանի հանդեպ, չնայած նա բազմիցս հերքել է «առեղծվածային անհետացման» արդյունքում իրեն «վերբովկա անելու» մասին լուրերը, թերթի տեղեկություններով՝ անվստահություն է առաջացել, երբ Պետրոսյանի մոտ «ժուչոկ» են նկատել: