Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Սևանի շուրջ» օգոստոսին հեծանվային եռօրյա արշավ իրականացնելու որոշման մասին։ Փաշինյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ իրեն միացած քաղաքացիների հետ հունիսի 21-ին 4-րդ հեծանվային զբոսանքն է իրականացրել Երևանում։
«Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ: Մասնակիցների չափանիշները կորոշվեն և կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել։ Սպասեք լուրերի։ Հեծանիվն ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը»,- գրել է նա։
Փաշինյանը հունիսի 5-ին քաղաքացիներին առաջարկել էր իր հետ հեծանիվ քշել։ Նա ցանկացողներին կոչ էր արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին: Առաջին հեծանվային զբոսանքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին, երկրորդը՝ հունիսի 14-ին, երրորդը՝ հունիսի 19-ին։