Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել Գազայում։
«ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, ՀՀ-ն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Երևանը հայտարարել է, որ կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:
«Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին ու ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության, խաղաղ համակեցության սկզբունքներին՝ ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը»,- ընդգծել են ԱԳՆ-ում։
Մայիսի 28-ին Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել էին Պաղեստին պետությունը։ Մայիսի 22-ին Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու որոշման մասին։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 28-ի դրությամբ գերազանցում է 36 հազարը, իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 1200 իսրայելցի զինծառայող է զոհվել։