ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն Ալմաթիում չի քննարկել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը, քանի որ «համապատասխան հարցում չի ստացվել»։
«Այսօր հայ նախարարը ներկա չէր հանդիպմանը, բայց Հայաստանից չկար որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ, որը կստիպեր քննարկել չեղածի հետևանքները»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետևանքները և երկրի պաշտպանունակության վրա նման որոշման ազդեցությունը կռահելը «դիվանագիտության ավանդույթների մեջ չէ»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն, իր հերթին, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են Հայաստանի հանդեպ։ Բայց կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա։
Թասմագամբետովը նշել է, որ ՀԱՊԿ-ը հույս ունի իրավիճակի պարզաբանման և Հայաստանի իշխանությունների կողմից որոշման՝ լինե՞լ կազմակերպության մաս, թե՞ ոչ։
Հունիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման էր անվանել կազմակերպությունից Բելառուսի դուրս գալը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից։