Երևանի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելը լուրջ հետևանքներ կունենա Երևանի և Թել Ավիվի հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Նա Հայաստանի կողմից այս քայլը գնահատել է որպես ՀԱՄԱՍ-ի գործողությունների խրախուսում։
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանի դեսպանը կանչվել էր Իսրայելի ԱԳՆ՝ «խիստ նկատողություն» ստանալու։ ՀՀ ԱԳՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ Իսրայելում ՀՀ դեսպանն Իսրայելի ԱԳՆ-ում իսրայելցի գործընկերների հետ հանդիպումներ չի ունեցել։