«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, հայտնել է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը:
«Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները Կիրանցից վերադառնում են Երևան: Ժամը 22:30-ին Սրբազանը կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն»,- պարզաբանել է ալիքը:
Գաստանյանն այսօր այցելել է Կիրանց և հանդիպել Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ։
«Ազգային ճակատ»-ը նաև հայտնել է Գալստանյանի՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հունիսի 23-ին հավաք անցկացնելու մտադրության մասին և ընդգծել, որ հանդիպման ձևաչափն այլ է լինելու՝ «նոր կոնցեպտով»։ Շարժումը չի մանրամասնել նոր կոնցեպտի էությունը։
Փաստաբան Ռոման Երիցյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները հունիսի 21-ին ջարդել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։
Գալստանյանը զորակցություն է հայտնել Արցախի իշխանություններին և պատրաստակամություն հայտնել իր մեքենան նվիրել նրանց։