«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 20-ի փակ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել
Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը՝ Եվրոպա՞, Ռուսաստա՞ն, թե՞ տարածաշրջանային զարգացումներ՝ «Ռուսաստան-Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան» ֆորմատով, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ նրանք նախապես պայմանավորվել էին քննարկել առողջապահական հարցեր
«Քաղաքացիական պայմանագրի» աղբյուրները կարծում են, որ վարչապետը հունիսի 21-ին ԵՄ անդամության թեկնածության հանրաքվեի խորհրդարանական քննարկման ֆոնին ցանկանում է ցույց տալ, որ պետք չէ շտապել։
«ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ այս փակ քննարկումները վերսկսելով՝ փորձում է կրկին ակտիվացնել այն թեզերը, թե Հայաստանը չպետք է շտապի ԵՄ անդամության հարցում։ Բայց, ի վերջո, կատարելով արևմտամետների պահանջը՝ կարդարանա, որ ոչ թե իշխանությունն է Ռուսաստանից պոկվում, այլ Արևմուտքի գիրկը նետվելու որոշումը կայացրել է հայ ժողովուրդը՝ հանրաքվեով» – գրել է թերթը։
«Հրապարակին» հայտնի է դարձել, որ հունիսի 21-ին Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները քննարկելիս քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների մեծամասնությունը հայտարարել է, որ Հայաստանի զարգացումը տեսնում է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության մեջ։
«Նիստում ՔՊ-ականների մոտ 90% պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում են տարածաշրջանային ֆորմատում, պետք չէ շտապել ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցում։ Մի քանիսն են միայն կողմ արտահայտվել՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ՀՀ ԱԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։ Ինքը՝ Փաշինյանը, լռել է, կարծիք չի հայտնել»,- մանրամասնել է թերթը։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին տեղի ունեցած կուսակցության նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը և բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր, իսկ հունիսի 21-ի նիստում ամփոփվել են կուսակցության 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին թուրքական հեռուստաալիքին հայտնել էր, որ «Հայաստանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, և Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի»։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու և հարաբերությունները դաշինքի հետ հնարավորինս խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։
Հունիսի 11-ին 4 կուսակցություն առաջարկել էր ԵՄ-ին միանալու հարցով ՀՀ-ում հանրաքվե կազմակերպել։
Հունիսի 21-ին Ազգային ժողովը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի մասին լսումներ էր անցկացրել։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լսումների ընթացքում հայտարարել էր, որ փոքր պետությունների համար ԵՄ անդամ լինելը լավ է․ քիչ տալով՝ շատ են ստանում այդ կառույցից։ Նա հավելել էր, որ լսումների նպատակն է քննարկել եվրոինտեգրման մեթոդները, ժամկետները և դրան հասնելու գործիքակազմը։