ՀՀ իշխանությունները դժգոհ են Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի գործողություններից, որոնք իրենց հետ համաձայնեցված չեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Այդ մասին է վկայում նաև Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո հրապարակված տեղեկատվության մեջ և Փաշինյանի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութերի կադրերում Փարսյանի հետ հանդիպման մասին տեղեկության բացակայությունը։
«Հրապարակի»-ի տեղեկություններով՝ Փարսյանը «ջերմ հարաբերություններ» է պահպանում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, հաճախ է հանդիպում նրան, որպեսզի մինչև տարեվերջ Կապանում ռուսական հյուպատոսությունը բացվի։
Նշվում է, որ վերջերս Փարսյանն այցելել է Իրան՝ միևնույն ժամանակ չհամաձայնելով Արտաքին գործերի նախարարության՝ այլ երկրների դիվանագետների հետ շփումները համակարգելու պահանջներին։
«Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին իրենց հետ համաձայնեցնել ամեն ինչ, հատկապես՝ արտերկիր այցերը, որ ուղղորդեն՝ ինչ խոսել, ինչ անել, սակայն Փարսյանը պատասխանել է, որ հարկ է համարում իր քայլերի մասին միայն որպես ի գիտություն տեղեկացնել։ Նա առանց տեղեկացնելու Իրան է մեկնել՝ մասնակցելու ինչ-որ ցուցահանդեսի, ինչն էլ այս կոնֆլիկտի պատճառ է դարձել»,- գրում է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ Փարսյանը չէր դիմավորել հունիսի 16-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած Փաշինյանին, նաև տևական ժամանակ մարզխորհրդի նիստերին, խորհրդակցություններին չի մասնակցել, այլ ուղարկել է տեղակալին: Նա, գրում է թերթը, վերջերս է սկսել ներկայանալ, երբ եղբոր և նրա ընկերոջ մասնակցությամբ պարեկների հետ ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ էր հարուցվել։
Միևնույն ժամանակ, ի պատասխան Կապանի քաղաքապետի այս պահվածքի, իշխանություններն իրավապահներին հանձնարարել են ուսումնասիրել նրա աշխատանքը, մասնավորապես՝ Կապանի քաղաքապետի հարազատների մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին։
«Փարսյանի ինքնուրույնությունը նյարդայնացրել է իշխանություններին, իրավապահներն սկսել են հետաքրքրվել նրանով։ Փնտրում են համայնքում սուբվենցիոն ծրագրերն իրականացնողների մեջ նրա հարազատների մասնակցությունը՝ հոր, ընկերների, այլ մտերիմների հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով»,- գրում է թերթը։
Փաշինյանը հունիսի 16-ին և 17-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել էր սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքներին, հանդիպել սահմանամերձ բնակիչներին։