Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության վերաբերյալ ՀՀ առաջարկը։
«Լարվածության նվազեցման նպատակով սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումների վերացման երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկը ողջունելի է»,- X-ում գրել է Կլաարը։
Նա հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է կիսվել իր փորձով, քանի որ 15 տարի նմանատիպ հարցի շուրջ հանդիպումներ է անցկացրել Վրաստանում։
Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները։ Հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Այս մասին նա հայտարարել էր Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին: Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները վկայում են կա՛մ հրադադարի խախտման, կա՛մ էսկալացիայի ֆոն ստեղծելու մասին։
Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն էր որակել օրվա ընթացքում Բաքվի երկրորդ հայտարարությունը՝ երկու երկրների սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։